Այո՜, այսօրս, 12 դեկտեմբերի 2011թ,, ավարտվում է:

Տարի ու կես ընդմիջումից հետո՝ նորից ԴՆ ֆորումում եմ, իրապես՝ կենդանի կյանքի մեր անկյունում… Առողջագետիս հետ, Philosopher-իս հետ, մի խումբ սիրելի մարդկանց հետ, այս ֆորումում շատ թրթիռներ ենք թողել…

Փոթորկոտ տարի ենք ապրել: Երբ հասկանում ես, որ մարդու կյանքի, ազգի ու երկրի կյանքի հիմնական հանգրվանները ձևավորվում ու ստեղծվում են ոչ արտաքին պայքարներում, այլ մտքի ու սրտի խորքերում՝ ուզում ես լռել: Եվ լռության մեջ ստեղծել-կերտել սրտիդ ցանկալին – կյանք, ուրախություն…

Օ՜, ոչ, նաև գործել է պետք… Ուղղակի փոխվում են գործելու չափանիշները:

Ձեռքով դիպչում եմ կողքս դրված ձեռագիր հատորին: Եթե մի երկու տարի առաջ ասեին, որ ես «ԻՄ ՄԱՅՐԵՆԻՆ» ձեռնարկ եմ գրելու՝ դասագիրք տարրական դպրոցի համար, չէի հավատա… Միայն սիրելի Առողջագետիս եմ պատմել, թե ինչպես է եկել այդ ներշնչանքը: Եկել է ասելու – Հայ Երեխան պետք կրթություն ստանա այն լեզվական նյութի վրա, որն ՍՏԵՂԾՎԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ամբողջ տարածքում: Դպրոցի Մայրենիի դասագիրքը պետք շնչի Հայկական Բարձրավանդակի գույներով, թրթիռներով… Կարծես որքա՜ն հասկանալի, որքա՜ն պարզ կոնցեպտ է: Եվ ցարդ չիրականացված:

Մեկ տարի ապրեցի ու շնչեցի Հայ Բանահյուսությամբ…

Թաքվյորի խեր տյուս արե,
Տե մենք քյե ինչ ենք պիրե, 
Ճրայտ նորող ենք պիրե,
Թոռներ շարող ենք պիրե… 

Քաղցր, անմոռանալի Արճակ, քո բառուբանից է, որ հավաքել է անխոնջ Սերինեն… 
Ձեռնարկի առաջին դիմանկարը – Գարեգին Սրվանձտյանց, ահա ու՛մ պետք է հանդիպի հայ երեխան…

Բայց ասեմ ամենամեծ ուրախությունս ինչ է , որն իրակացվել է այդ ձեռնարկի մեջ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԿՐԹՎԵՆ ՆՈՒՅՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՆՅՈՒԹՈՎ, ՄԵԿ ՈՒ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ:

«ԻՄ Մայրենին» ձեռնարկ է Հայաստանի և Սփյուռքի երեխայի համար: Մեր տներում, մեր սրտերում վերականգնել Միացյալ Հայրենիքի լեզվական մշակույթը:

Դոկտ. Հիլտա Գալֆայեան-Փանոսեանի ձեռնարկով արևմտահայերեն եմ ուսումնասիրում, որ «ԻՄ Մայրենին» փոխադրեմ արևմտահայերենի… Քաղցր է մեր մայրենին – ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԸ: Բայց իմացությունս ու ժամանակս չեն հերիքում: Երկար ժամանակ մտմտում եմ, թե մեր անխոնջ Տիգրիսի հետ մի գործնական պայմանագիր կնքենք, այդ գործն ավարտին հասցնենք:

Միայն ԼԵԶՎԻ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՐԵՂԵՆ ՊԱՅԹՅՈՒՆԸ մեզ կհանի թանձրացող ճահիճից: 

Սիրելի ընթերցողս, Գիխուձ դիղիտ վուրթ թըղ պուսնո…(Մուսա Լեռան բարբառով է):

Ողջու՜յն ԴՆ Ֆորում: Եվ բարի գիշեր: